«100%» ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ, ԴՐՈՒՅԹՆԵՐ, ՈՒՍԱՆՈՂԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԵՐԱՇԽԻՔ
Թարմացվել է՝ 1 Սեպտեմբերի, 2026թ.
Սույն փաստաթուղթը հանդիսանում է Հրապարակային օֆերտա (առաջարկ) ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 453-րդ հոդվածի իմաստով և սահմանում է Մարտին Մելսիկի Ղազարյան ԱՁ-ի (այսուհետ՝ Ակադեմիա) և ուսանողի պարտականությունները, գնահատման կարգը, Ակադեմիայի պարտավորությունները, համապատասխան աշխատանքի չափանիշները, աշխատանքի տեղավորման երաշխիքի կասեցման կամ դադարեցման հիմքերը, ինչպես նաև վճարումների, կողմերի պատասխանատվության և հեղինակային իրավունքի պաշտպանության կանոնները։
Սույն հրապարակային պայմանները (այսուհետ նաև՝ Կանոնակարգ կամ Պայմանագիր) ուսուցման ծառայությունների պայմանագրի անբաժանելի մասն են։ Ուսանողի հետ կնքվող անհատական պայմանագրում կամ հայտում (ներառյալ կայքում արված ընտրությունը) նշվում են ծրագրի անվանումը, ուսման տևողությունը, վճարը և աշխատանքի տեղավորման տեղեկատվությունները։
Եթե կանոնակարգի և ուսանողի անհատական պայմանագրի միջև տարբերություն կա, կիրառվում է ուսանողի անհատական պայմանագիրը՝ այնքանով, որքանով այն չի հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և չի սահմանափակում օրենքով երաշխավորված իրավունքները։
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Ակադեմիա» (Կատարող)՝ Մարտին Մելսիկի Ղազարյան ԱՁ, ՀՎՀՀ - 77989433, ՀՀ Սյունիքի մարզ գ․Սվարանց 7/3
«Ուսանող» (Պատվիրատու/Ունկնդիր)՝ Ակադեմիայի հետ ուսուցման ծառայությունների պայմանագիր կնքած կամ սույն օֆերտան ակցեպտավորած ֆիզիկական կամ իրավաբանական անձը։
«Ծրագիր»՝ պայմանագրում կամ կայքում նշված մասնագիտական ուսուցման ամբողջական դասընթացը։
«Հայտ»՝ Ակադեմիայի կայքով, հավելվածով կամ այլ էլեկտրոնային եղանակով ուղարկվող հայտ-պատվեր, որի հիման վրա Ուսանողը միանում է սույն Պայմաններին:
«Հարթակ»՝ առցանց միջավայր կամ ֆիզիկական տարածք, որտեղ տեղի է ունենում ուսուցումը, ներառյալ՝ կայքը, հավելվածները, Zoom/Google Meet հարթակները, փակ խմբերը և տելեգրամյան ալիքները:
«Մտավոր սեփականություն»՝ ցանկացած մտավոր սեփականության օբյեկտ՝ ներառյալ տեսադասերը, նյութերը, մեթոդաբանությունը, կոդերը և բրենդը, որը պատկանում է Ակադեմիային։
«Աշխատանքի պատրաստ կարգավիճակ»՝ գնահատման հանձնաժողովի գրավոր որոշումը, որով հաստատվում է, որ ուսանողը կատարել է ծրագրի պարտադիր պահանջները և կարող է անցնել աշխատանքի տեղավորման փուլ։
«Համապատասխան աշխատանք»՝ սույն կանոնակարգի 5-րդ բաժնի և ուսանողի անհատական պայմանագրի չափանիշներին համապատասխան վճարվող աշխատանքը։
«Աշխատանքի տեղավորում»՝ ուսանողի և գործատուի միջև գրավոր աշխատանքային պայմանագրի կնքումը և ուսանողի փաստացի աշխատանքի անցնելը։
«Աշխատանքի տեղավորման ժամկետ»՝ աշխատանքի պատրաստ կարգավիճակը հաստատելու օրվանից հաշվարկվող 120 օրացուցային օրը։
1. ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ
1.1. Ծառայության տեսակով պայմանավորված՝ այն կարող է մատուցվել նախապես տեսաձայնագրված նյութերի տրամադրմամբ, առցանց (օնլայն) կամ առկա (օֆլայն) հանդիպումների կազմակերպմամբ:
1.2. Ծառայությունները (կամ դրանց փուլերը) համարվում են պատշաճ մատուցված.
ա) Տեսադասերի դեպքում՝ Ակադեմիայի կողմից համապատասխան նյութերը Հարթակում պատշաճ տեղադրվելու կամ հասանելի դառնալու պահից` անկախ Ուսանողի կողմից տեսաձայնագրությունները փաստացի դիտելու հանգամանքից։
բ) Առկա կամ ուղիղ եթերով (Live) դասերի դեպքում՝ դասը փաստացի կայանալու պահից՝ անկախ Ուսանողի կողմից հանդիպմանը փաստացի ներկա գտնվելու հանգամանքից (բացառությամբ, եթե հանդիպումը չի կայացել Ակադեմիայի մեղքով)։
1.3. Դասընթացների ծրագրում ընդգրկված և ուսուցման առարկա հանդիսացող որոշակի գործիքներ կարող են ժամանակի ընթացքում դուրս գալ կիրառությունից, ինչը չի կարող մեկնաբանվել որպես Ծառայությունների թերի մատուցում։ Նյութերը և մոդուլները կարող են տրամադրվել խառը հերթականությամբ՝ ապահովելով դասընթացի տրամաբանական կապը:
1.4. Ակադեմիան պատասխանատվություն չի կրում, եթե Ուսանողը չի ըմբռնում կամ դժվարանում է յուրացնել մատուցվող նյութը իր կողմից ներդրած ոչ բավարար ջանքերի, ժամանակի պակասի, ուշադրության կենտրոնացման խնդիրների կամ անձնական ունակությունների պատճառով: Նշյալ հանգամանքը չի կարող մեկնաբանվել որպես Ակադեմիայի կողմից թերի ծառայության մատուցում:
1.5. Ակադեմիան ուսուցման և հաղորդակցության համար կարող է օգտագործել երրորդ անձանց պատկանող հարթակներ և սարքավորումներ (օրինակ՝ Zoom, Telegram, Google Workspace և այլն)։ Ակադեմիան պատասխանատվություն չի կրում այդպիսի հարթակներում առաջացած գլոբալ տեխնիկական խափանումների համար։
2. ՈՒՍԱՆՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1. Մասնակցություն և հաճախելիություն
2.1.1. Ուսանողը պարտավոր է մասնակցել ծրագրով նախատեսված դասերի առնվազն 85 տոկոսին։
2.1.2. Պարտադիր գործնական հանդիպումները, իրական նախագծերի պաշտպանությունները, միջանկյալ և ավարտական գնահատումները պետք է անցնել ամբողջությամբ։ Բացակայության դեպքում ուսանողը պարտավոր է մասնակցել Ակադեմիայի նշանակած լրացման հանդիպմանը։
2.1.3. Հիվանդության, ընտանեկան արտակարգ դեպքի կամ այլ հիմնավոր պատճառի մասին ուսանողը տեղեկացնում է Ակադեմիային բացակայությունից հետո առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում։ Ակադեմիան կարող է պահանջել հիմնավորող փաստաթուղթ։
2.1.4. Երեք անընդմեջ դասից անհայտ պատճառներով բացակայելը կամ հաճախելիության 85 տոկոսից ցածր դառնալը հիմք է գրավոր զգուշացման և աշխատանքի տեղավորման երաշխիքի կասեցման համար։
2.2. Առաջադրանքներ և ակադեմիական ազնվություն
2.2.1. Ուսանողը պարտավոր է հանձնել առաջադրանքների առնվազն 90 տոկոսը և դրական արդյունքով ավարտել բոլոր պարտադիր նախագծերը։
2.2.2. Խստիվ արգելվում է գրագողությունը, ուրիշի աշխատանքի ներկայացումը որպես սեփական, տվյալների կեղծումը կամ արհեստական բանականության (AI) այնպիսի ամբողջական կիրառումը, որը խաթարում է ուսուցման նպատակը: Սա համարվում է ծանր խախտում և կարող է հանգեցնել ծրագրից հեռացման:
2.3. Վարք և էթիկա
2.3.1. Ուսանողը պարտավոր է հարգալից հաղորդակցվել դասընթացավարների, ադմինիստրացիայի, թիմի անդամների և այլ ուսանողների հետ։
2.3.2. Արգելվում են վիրավորանքը, սպառնալիքը, հետապնդումը, խտրական վերաբերմունքը, դասապրոցեսի դիտավորյալ խանգարումը և Ակադեմիայի գործարար համբավը արատավորող կեղծ տեղեկությունների տարածումը։
3. ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
3.1. Գնահատման միջոցով որոշվում է՝ արդյոք ուսանողն ունի մասնագիտությամբ աշխատելու համար բավարար գիտելիք և հմտություն։ Ընդհանուր գնահատականը հաշվարկվում է 100 միավորով՝ հետևյալ համամասնությամբ.
ա) հաճախելիություն և կարգապահություն՝ 10 միավոր,
բ) մոդուլային առաջադրանքներ և թեստեր՝ 25 միավոր,
գ) գործնական և իրական նախագծեր՝ 35 միավոր,
դ) ավարտական աշխատանք և պաշտպանություն՝ 20 միավոր,
ե) CV, պորտֆոլիո և աշխատանքի պատրաստվածություն՝ 10 միավոր։
3.2. Աշխատանքի պատրաստ կարգավիճակ ստանալու համար ուսանողը պետք է ստանա առնվազն 85 միավոր 100-ից, յուրաքանչյուր բաղադրիչից ապահովի առնվազն 60%, ունենա 85% հաճախելիություն և դրական հանձնի ավարտական պաշտպանությունը։
3.3. Բավարար շեմը չհաղթահարելու դեպքում Ակադեմիան տալիս է «Պահանջվում է լրացուցիչ պատրաստում» կարգավիճակ և նշանակում է լրացման ծրագիր։ Ուսանողը կարող է անցնել առավելագույնը երկու լրացուցիչ վերահանձնում։
4. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՐԱՇԽԻՔ
4.1. Ուսուցման և աշխատանքի պատրաստում
4.1.1. Ակադեմիան պարտավոր է իրականացնել պայմանագրով նախատեսված ծրագիրը, ապահովել մասնագետներ և ուսումնական նյութեր։
4.1.2. Ակադեմիան պարտավոր է աջակցել պորտֆոլիոյի, CV-ի ստեղծմանը, կազմակերպել փորձնական հարցազրույցներ և նախապատրաստել գործատուների հետ հանդիպումներին։
4.2. Աշխատանքի տեղավորման երաշխիք
4.2.1. Ակադեմիան պարտավորվում է «Աշխատանքի պատրաստ կարգավիճակ» ստացած և սույն կանոնակարգի պահանջները լիարժեք պահպանած ուսանողին տեղավորել համապատասխան աշխատանքի։
4.2.2. Տեղավորումը կատարվում է կարգավիճակը ստանալուց հետո 120 օրացուցային օրվա ընթացքում։ Ուսանողի մեղքով կամ օբյեկտիվ անհնարինությամբ կասեցված օրերը (օր՝ ժամկետանց վճարում, հարցազրույցներից հրաժարում) չեն հաշվարկվում այս ժամկետում։
4.2.3. Եթե 120-օրյա ժամկետում տեղավորումը չի կատարվել ոչ Ուսանողի մեղքով, Ակադեմիան շարունակում է որոնումը կամ Ուսանողի կամքով վերադարձնում է վճարված գումարը ամբողջությամբ:
4.2.4. Ակադեմիան չի կարող երաշխավորել գործատուի հետագա բոլոր գործողությունները կամ աշխատավայրի կանոնակարգը, սակայն ստուգում է գործատուի օրինականությունն ու աշխատանքի ադեկվատությունը մինչև առաջարկելը։
4.3. Եկամտի և Կարիերայի վերաբերյալ հատուկ հայտարարություն
4.3.1. Բացի սույն Պայմանագրով սահմանված «Աշխատանքի տեղավորման 120-օրյա երաշխիքից» և դրա չկատարման դեպքում գումարի վերադարձի հստակ պարտավորությունից, Դասընթացի որևէ բովանդակությունից, նյութերից կամ գովազդից չի ենթադրվում և չի կարող մեկնաբանվել, որ Ակադեմիան ստանձնում է Ուսանողի ֆինանսական վիճակը, եկամուտը կամ կարիերայի աճը անվերապահորեն և ցկյանս բարելավելու որևէ այլ իրավական պարտավորություն։
5. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՍՏԱԿ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
5.1. Աշխատանքը համարվում է «համապատասխան», եթե այն վերաբերում է ուսանողի ավարտած ծրագրին (նույնիսկ եթե պաշտոնի անվանումը մի փոքր տարբերվում է, բայց պարտականությունները համապատասխանում են ձեռք բերված հմտություններին)։
5.2. Սկզբնական (Junior/Intern) վճարվող հաստիքները, քաղաքացիաիրավական ծառայությունների պայմանագրերը, իրավաբանական անձի միջոցով մատուցվող ծառայությունները կամ երկարաժամկետ նախագծային վճարվող աշխատանքները ևս կարող են համարվել աշխատանքի տեղավորում:
5.3. Առաջին անհիմն հրաժարման (երբ գործատուն առաջարկում է ադեկվատ պայմաններ, բայց ուսանողը մերժում է առանց հիմնավոր պատճառի) դեպքում տրվում է նախազգուշացում: Երկրորդ անհիմն հրաժարման դեպքում երաշխիքը կասեցվում է կամ դադարեցվում։
6. ԵՐԱՇԽԻՔԻ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
6.1. Կասեցման հիմքեր. Աշխատանքի տեղավորման երաշխիքը (և ժամկետի հաշվարկը) կասեցվում է, եթե Ուսանողը՝
ա) խախտել է վճարման ժամանակացույցը,
բ) չի ապահովել 85% հաճախելիություն կամ չի հանձնել պարտադիր պրոյեկտները,
գ) չի արձագանքում Ակադեմիայի նամակներին ավելի քան 5 աշխատանքային օր,
դ) անհիմն բացակայում է նշանակված հարցազրույցներից:
Կասեցումը վերացվում է խախտումը շտկելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
6.2. Դադարեցման հիմքեր. Երաշխիքը վերջնականապես դադարեցվում է (և Ակադեմիան ազատվում է տեղավորելու կամ գումարը վերադարձնելու պարտավորությունից), եթե Ուսանողը՝
ա) դիտավորյալ կեղծել է իր փորձը կամ ակադեմիական տվյալները,
բ) երկրորդ անգամ անհիմն հրաժարվել է համապատասխան աշխատանքի առաջարկից,
գ) պարբերաբար խոչընդոտել է աշխատանքի ընդունման պրոցեսին (օրինակ՝ դիտավորյալ տապալել է հարցազրույցները),
դ) աշխատանքի ընդունվելուց հետո գրավոր թաքցրել է այդ փաստը Ակադեմիայից,
ե) գործատուի մոտ աշխատանքի անցնելուց հետո հեռացվել է կարգապահական կոպիտ խախտման պատճառով:
7. ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ
7.1. Վճարման կանոններ
7.1.1. Ծրագրի արժեքը, վճարման փուլերը և ժամկետները սահմանվում են կայքում կամ Ուսանողի անհատական վճարման գրաֆիկում:
7.1.2. Ծառայության արժեքը չի կարող միակողմանիորեն բարձրացվել պայմանագրի գործողության ընթացքում:
7.1.3. Բանկային փոխանցման կամ տերմինալների (Idram, Telcell և այլն) միջնորդավճարները կրում է վճարող կողմը (Ուսանողը):
7.1.4. Վճարման ընթացքում հրահանգներին չհետևելու, սխալ տվյալներ մուտքագրելու կամ բանկային/էլեկտրոնային համակարգերի տեխնիկական խնդիրների համար Ակադեմիան պատասխանատվություն չի կրում։
7.2. Վճարման ուշացում և Արգելափակում
7.2.1. Վճարման ժամանակացույցը խախտելու դեպքում Ակադեմիան Ուսանողին ուղարկում է հիշեցում:
7.2.2. Սահմանված ժամկետը 48 (քառասունութ) ժամ և ավելի խախտելու դեպքում, Ակադեմիան իրավասու է արգելափակել Ուսանողի մուտքը կրթական Հարթակներ (դասեր, տելեգրամյան խմբեր, նյութեր) և վերականգնել այն միայն պարտքը մարելուց հետո:
7.2.3. Արգելափակման ընթացքում բաց թողնված դասերը չեն լրացվում և հաշվարկվում են որպես բացակայություն: Եթե պարտքը չի մարվում 30 օրվա ընթացքում, Ակադեմիան իրավունք ունի միակողմանի խզել պայմանագիրը:
7.3. Հրաժարում ծրագրից և Գումարի վերադարձ
7.3.1. Ուսանողն իրավունք ունի ցանկացած պահի միակողմանի հրաժարվել Պայմանագրից՝ այդ մասին գրավոր ծանուցելով Ակադեմիային:
7.3.2. Եթե վերադարձի պահանջը բխում է աշխատանքի տեղավորման երաշխիքի չկատարումից (և Ուսանողը մեղք չունի), գումարը վերադարձվում է ամբողջությամբ:
7.3.3. Մնացած բոլոր դեպքերում (երբ Ուսանողը պարզապես ցանկանում է դադարեցնել ուսումը սեփական նախաձեռնությամբ), իրականացվում է գումարի վերադարձ՝ Ուսանողի վճարած գումարից պահելով արդեն իսկ փաստացի մատուցված դասերի/ծառայությունների արժեքը և Ակադեմիայի կատարած անխուսափելի ծախսերը (ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 780-րդ հոդվածի համաձայն):
7.3.4. Ուսանողի կողմից դասերին պարզապես չհաճախելը կամ հարթակ մուտք չգործելը չի համարվում Պայմանագրի լուծում և չի ազատում նրան ուսման վճարը վճարելու պարտավորությունից, քանի դեռ նա պաշտոնական գրավոր դիմում չի ներկայացրել:
7.3.5. Վերադարձը կատարվում է դիմումը բավարարելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում՝ բանկային փոխանցման միջոցով (անչափահասների դեպքում՝ ծնողի կամ օրինական ներկայացուցչի հաշվին):
8. ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ
8.1. Մտավոր սեփականություն (ՄՍ)
8.1.1. Հարթակում առկա և Ուսանողին փոխանցվող բոլոր նյութերը (տեսադասեր, տեքստեր, ծրագրեր, պրեզենտացիաներ, մեթոդական ձեռնարկներ, կոդեր) հանդիսանում են Ակադեմիայի անօտարելի մտավոր սեփականությունը և պաշտպանվում են ՀՀ օրենքներով:
8.1.2. Նյութերը տրամադրվում են բացառապես անձնական ուսումնառության նպատակով: ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է դրանք նկարահանել, ձայնագրել, պատճենել, տարածել (այդ թվում՝ ինտերնետում կամ սոցիալական ցանցերում), փոխանցել երրորդ անձանց կամ օգտագործել սեփական առևտրային/կրթական նախագծեր ստեղծելու նպատակով: Սույն կետով սահմանված արգելքը խախտելու դեպքում Ուսանողը պարտավորվում է Ակադեմիային վճարել տուգանք՝ 5,000,000 (հինգ միլիոն) ՀՀ դրամի չափով՝ յուրաքանչյուր խախտման (յուրաքանչյուր նյութի տարածման կամ փոխանցման) համար, ինչպես նաև ամբողջությամբ հատուցել Ակադեմիային պատճառված իրական վնասը և բաց թողնված օգուտը:
8.2. Գաղտնիության ռեժիմ
8.2.1. Ուսանողը պարտավորվում է գաղտնի պահել և չհրապարակել Ծրագրի ընթացքում իրեն հայտնի դարձած՝
ա) Ակադեմիայի տեխնոլոգիական պրոցեսները, ներքին մեթոդները և հաճախորդների բազաները,
բ) մյուս ուսանողների և գործընկերների ինքնությունը և անձնական տվյալները, փակ խմբերի նամակագրությունները:
8.2.2. Սույն բաժնի կանոնների խախտումը հանգեցնում է Պայմանագրի անհապաղ և անվերադարձ լուծմանը, և Ուսանողը պարտավորվում է փոխհատուցել Ակադեմիային պատճառված բոլոր նյութական և գործարար համբավի վնասները (ներառյալ բաց թողնված օգուտը):
9. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
9.1. Հայտը լրացնելով և սույն օֆերտան ընդունելով՝ Ուսանողը ՀՀ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի համաձայն տալիս է իր անվերապահ համաձայնությունը Ակադեմիային՝ մշակելու իր տվյալները (անուն, անձնագիր, ՀԾՀ, հեռախոս, էլ. փոստ, CV, կրթական տվյալներ):
9.2. Տվյալները մշակվում են պայմանագրի կատարման, հավաստագրերի տրամադրման և վերջնական նպատակին հասնելու համար՝ աշխատանքի որոնման փուլում CV-ն և պորտֆոլիոն գործատուներին փոխանցելու նպատակով:
9.3. Ակադեմիան իրավունք ունի Ուսանողի կոնտակտային տվյալներն օգտագործել նաև նրան նոր ծրագրերի, առաջարկների կամ թափուր հաստիքների մասին ծանուցելու (մարքեթինգային և տեղեկատվական) նպատակներով: Ուսանողը կարող է ցանկացած պահի գրավոր հրաժարվել մարքեթինգային ծանուցումներից:
10. ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
10.1. Պայմանագրով պահանջվող բոլոր պաշտոնական ծանուցումները և հաղորդակցությունը կատարվում են էլեկտրոնային եղանակով՝ Ուսանողի կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի կամ հեռախոսահամարի (ներառյալ Telegram, WhatsApp) միջոցով, ինչը համարվում է պատշաճ ծանուցում:
10.2. Ծանուցումը համարվում է ստացված՝ հասցեատիրոջ էլ. փոստին կամ մեսենջերին փաստացի մուտքագրվելու պահից:
10.3. Ուսումնական պրոցեսի, տնայինների և ընթացիկ հարցերի վերաբերյալ հաղորդակցությունն իրականացվում է Ակադեմիայի փակ Telegram/Discord ալիքների, խմբերի կամ հարթակի ներքին չաթերի միջոցով:
10.4. Ծառայության դադարեցման, բողոքարկման կամ գումարի վերադարձի պաշտոնական դիմումները պետք է ուղարկվեն Ակադեմիայի պաշտոնական էլ. փոստին (ստորագրված տարբերակի լուսապատճենով կամ էլեկտրոնային ստորագրությամբ): Դրանք քննարկվում են 10-ից 20 աշխատանքային օրվա ընթացքում:
11. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
11.1. Կողմերն ազատվում են պայմանագրով նախատեսված պարտավորությունների մասնակի կամ լրիվ չկատարման համար պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժոր) ազդեցության արդյունք (երկրաշարժ, համաճարակ, պատերազմ, ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելը, պետական մարմինների արգելող ակտերը, ինչպես նաև գլոբալ ինտերնետ կապի անկումը):
11.2. Տուժած կողմը հնարավորինս շուտ (սակայն ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում) տեղեկացնում է մյուս կողմին։
11.3. Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը` առանց տուգանքների վճարման:
12. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ԱԿՑԵՊՏ (ԸՆԴՈՒՆՈՒՄ)
12.1. Վեճերի լուծում. Սույն Պայմանների կապակցությամբ ծագած վեճերը ենթակա են լուծման բանակցությունների միջոցով՝ երկամսյա ժամկետում: Համաձայնության չգալու դեպքում վեճերը լուծվում են ՀՀ դատարաններում՝ ՀՀ օրենսդրության համաձայն:
12.2. Փոփոխություններ. Ակադեմիան իրավունք ունի միակողմանի փոփոխել սույն Պայմանները՝ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց առնվազն 10 օր առաջ կայքում կամ Ուսանողի էլ. փոստին տեղեկացնելու միջոցով: Արդեն իսկ գործող պայմանագրերի վրա էական բացասական փոփոխությունները կիրառվում են միայն Ուսանողի համաձայնությամբ:
12.3. Օֆերտայի Ընդունում (Ակցեպտ).Սույն փաստաթուղթը հասանելի է Ուսանողին կայքում՝ մինչև դասընթացներին գրանցվելը կամ վճարում կատարելը։ Ուսանողի կողմից սույն հրապարակային օֆերտայի ԱՆՎԵՐԱՊԱՀ ԸՆԴՈՒՆՈՒՄ (Ակցեպտ) և պայմանագրի կնքում է համարվում հետևյալ գործողություններից որևէ մեկի կատարումը.
ա) Կայքում կամ հայտում համապատասխան նշում («Համաձայն եմ պայմաններին», «Ընդունում եմ օֆերտան» և այլն) կատարելը,
բ) Ծրագրի արժեքի (կամ կանխավճարի առաջին փուլի) առցանց, տերմինալային կամ բանկային վճարումը,
գ) Ուսումնական հարթակում փաստացի գրանցվելը և մուտք գործելը։
12.4. Վերոնշյալ գործողություններով Ուսանողը հաստատում է, որ ամբողջությամբ կարդացել, հասկացել և ընդունում է սույն Պայմանները առանց վերապահումների, և դրանք ձեռք են բերում պաշտոնական և իրավական ուժ ունեցող երկկողմանի պայմանագրի ստատուս:
